
Եվրամիության, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի կողմից տնտեսական պատժամիջոցների կիրառումից հետո Իրանը կարող է վճարումներ կատարել նավթով, ոսկով և այլ երկրների արտարժույթներով, օրինակ` ռուսական ռուբլով, չինական յուանով և հնդկական ռուպիով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ Իրանի հետ համագործակցող երկրները մեծ դժվարություններ ունեն վճարումներ կատարելու և ընդունելու հարցում, քանի որ այդ պատժամիջոցների համաձայն` սառեցվել են ԵՄ-ում և ԱՄՆ-ում Իրանի բոլոր առևտրային հաշիվները, հետևաբար Իրանը չի կարող վճարումներ կատարել եվրոյով և դոլարով:
Իրանի համար պատժամիջոցները կիրառելուց հետո մեծ նշանակություն ունի Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ համագործակցությունը: Հնդկաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ իր երկիրը դիտարկում է նավթի դիմաց Իրանին ռուպիով վճարելու, ինչպես նաև բարտերային տարբերակը: Նման հնարավորությունից կօգտվի նաև Չինաստանը, որը գնում է իրանական նավթի մոտ 20%-ը: