
Փետրվարի 21-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այցելել է ՀՀ ոստիկանության կրթահամալիր, հանդիպել կրթահամալիրի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին և նվիրաբերել մոտ 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ լսարանային օգտագործման համակարգչային սարքավորումներ:
Սարքավորումներն օգտագործվելու են ՀՀ ոստիկանության անձնակազմի ուսուցման և վերապատրաստման նպատակով:
ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի կողմից նվիրաբերված սարքավորումները նախատեսված են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կրթական և ուսուցողական ռեսուրսների բարելավման համար:
Սարքավորումները ներառում են համակարգիչներ, տպիչներ, պրոյեկտորներ և սկաներներ:
Այս նվիրատվությունը մաս է կազմում ԱՄՆ կառավարության կողմից իրավապահ մարմիններին ցուցաբերվող աջակցության ծրագրի, որն ուղղված է Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների հզորացմանը հանցավորության դեմ պայքարի և արդարադատության ասպարեզում:
Նախկինում ՀՀ ոստիկանությանը տրամադրված աջակցությունը ներառել է Ոստիկանության ուսումնական կենտրոնի վերանորոգում, ՀՀ ոստիկանության ակադեմիային սարքավորումների նվիրաբերում և համագործակցություն տարածքային համակարգչային ցանցի ստեղծման ընթացքում:
Անցյալում համակարգչային տեխնիկա է նվիրաբերվել ՀՀ ոստիկանության անօրինական միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների և կիբեր հանցագործությունների դեմ պայքարի բաժիններին: Ծրագրի շրջանակներում նաև անցկացվել են վերապատրաստման և կարողությունների զարգացման դասընթացներ` անդրազգային հանցավորության դեմ պայքարի և կանխարգելման նպատակով:
ԱՄՆ կառավարությունը Հայաստանում իրավապահ մարմիններին և արդարադատության համակարգին աջակցելու նպատակով տարեկան տրամադրում է մոտավորապես 3 միլիոն ԱՄՆ դոլար: