
Ադրբեջանում բացակայում է ԶԼՄ-ների ազատությունը, և այն ավելի է թեժանում «Եվրատեսիլ 2012»-ի երգի մրցույթի նախօրեին: Այս մասին գրում է «Washington Post» պարբերականը:
«Ադրբեջանում մի խումբ լրագրողների նկատմամբ հարձակումների փաստը միջազգային դատապարտման արժանացավ և այն հիշեցնում է նախկին սովետական շրջանը, երբ ԶԼՄ-ները գտնվում էին անհույս պայմաններում:
Ադրբեջանի լրագրող Իդրակ Աբասովը դաժանաբար ծեծի էր ենթարկվել մի խումբ ոստիկանների և Ադրբեջանի նավթային պետական ընկերության անվտանգության աշխատակիցների կողմից, երբ նա տեսանկարահանում էր տների ապօրինի քանդման գործընթացները: Մի շարք լրագրողներ նույնպես հարձակման են ենթարկվել:
Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ՝ «Human Rights Watch»-ը, «The Committee to Protect Journalists»-ը և «Amnesty International»-ը հանդես են եկել կտրուկ հայտարարություններով և դատապարտել Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները»,- նշված է հոդվածում:
«Ադրբեջանի ողջ պատմության մեջ քննադատական հոդվածներ տպագրող լրագրողների վրա հարձակումները անպատիժ են մնացել: Անկախ լրագրողները, իրավապաշտպանները և նրանք, ովքեր փորձում են իրենց տեսակետն արտահայտել կամ էլ քննադատում են կառավարությանը, հարձակման են ենթարկվում, կտտանքների, նրանց սպառնում են և ձերբակալում»,- նշված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:
«Տարեսկզբից իրենց մասնագիտություններն իրականացնելու ընթացքում Ադրբեջանում 30 լրագրողներ ֆիզիկական ագրեսիայի զոհ են դարձել»,- նշել է Ադրբեջանի ԶԼՄ-ների իրավունքների ինստիտուտի համակարգող Հալիդ Աքալիևը:
Պարաբերականը նաև անդրադարձել է Ազատություն» ռ/կ-ի թղթակից Խադիջա Իսմայիլովային, ով հայտնի է իր քննադատական հոդվածներով և հիշեցրել, որ վերջինս նամակ էր ստացել, որում սպառնացել էին տարածել նրա անձնական լուսանկարները, եթե վերջինս չդադարեցնի իր հետաքննություններըլ: Դրանից օրեր անց համացանցում տեղադրվեցին նրա ինտիմ լուսանկարները:
«Ադրբեջանը պետք է հարգի լրատվամիջոցների ազատությունը և Եվրոպայի հեռարձակողների միությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի լրագրողների պաշտպանության ուղղությամբ»,- նշված է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ: