
Ղազախստանի բոլոր 14 հայկական համայնքներում այսօր անցկացվել են 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ:
Ըստ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության՝ Կարագանդա քաղաքի մոտ գտնվող Սպասկի հուշահամալիրում գտնվող հայկական խաչքարի կոթողի մոտ մերձակա քաղաքներից և գյուղերից եկած ղազախստանահայերը զետեղել են պսակներ և ծաղիկներ, ինչպես նաև լռության րոպեով հարգել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը:
Ալմաթիում գտնվող հայկական «Լույս» կենտրոնի տարածքում գտնվող խաչքարի մոտ ևս զետեղվել են ծաղկեպսակներ, իսկ Սուրբ Կարապետ եկեղեցում անցկացվել է հոգեհանգստյան պատարագ:
Հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել նաև Աստանայում, Կոստանայում, Օզկեմենում, Շիմկենտում և Ղազախստանի այլ քաղաքներում:
Հայկական համայնքների առանձին ղեկավարներ տեղական մամուլում հանդես են եկել Հայոց ցեղասպանությանն առնչվող հրապարակումներով: