
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ընդունել է Համաշխարհային բանկի` Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի թիմի ղեկավար Իվան Դրաբեկին: Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը և ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարությունը:
Քննարկվել են Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման հետ կապված հարցեր: ՀԲ կողմից հաստատված լրացուցիչ ֆինանսավորման միջոցները ևս առաջիկա երկու տարիներին կուղղվեն մարզերում սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը:
Կարևորելով ՀՍՆՀ երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ բաղադրիչի արագ մեկնարկը` պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ծրագրի վերջնական ուղղությունները կհստակեցվեն մայիսի երկրորդ տասնօրյակում: Մինչ այդ կողմերը սեղմ ժամկետներում կավարտեն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը:
Զրուցակիցները բարձր են գնահատել ՀԲ-ի և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի համատեղ ծրագրերի արդյունավետությունը` ընդգծելով դրա նշանակությունը տարածքների համաչափ զարգացման առումով: