
Այսօր՝ ապրիլի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14։30 սահմաններում Այնթապ–Արևաբույր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իրար են բախվել «Գազել» մակնիշի 19 ՏԼ 685 համարանիշի և «ՊԱԶ» մակնիշի 27 ՏՍ 522 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ մեկն էլ՝ Մասիսի հիվանդանոց։ Նրանցից մեկը եղել է «Գազելի» վարորդը, իսկ մյուս երկուսը՝ նույն մեքենայի ուղևորներ։
«ՊԱԶ»–ը վարել է «Այնթապ» գյուղի բնակիչ 56-ամյա Անդրանիկ Վարդազարյանը։
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «Գազել»–ի մեջ եղել են «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ, ովքեր քարոզարշավի էին մեկնում, իսկ «ՊԱԶ»–ը, որը ուսանողների անվճար երթևեկության համար է նախատեսված։
Վթարի հիմնական մեղավորը, ըստ հավաքվածների, եղել է «Գազել»–ի վարորդը։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Յուրիկ Հովհաննիսյանը և 2-րդ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանը։
Փաստի առթիվ Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու համար «Գազել»–ի վարորդի և վիրավոր ուղևորների ինքնությունը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի