
Տոկիոյի «Դիսնեյլենդը» հայտարարել է, որ իր տարածքում կարող են միասեռ ամուսնություններ կնքվել:
Ինչպես հաղորդում է բրիտանական The Guardian թերթը, հայտարարությունն արվել է ի պատասխան Ճապոնիայի 27-ամյա մի քաղաքացու, որը հետաքրքրվել է՝ արդյո՞ք «Դիսնեյլենդ»-ի տարածքում միասեռականները կարող են ամուսնանալ: Հարսանեկան արարողությունները «Դիսնեյլենդ»-ի ավանդական ծառայություններից են. հանդիսությունները տեղի են ունենում «Մոխրոտի պալատում»:
Ի պատասխան՝ Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ հարսանիք կարող է տեղի ունենալ, եթե նորապսակները հագնված լինեն հարս ու փեսայի նման: Սակայն հետո «Դիսնեյլենդ»-ի ներկայացուցիչը հայտնել է, որ սխալմունք է տեղի ունեցել, և զուգընկերները կարող են արարողությանը ներկա լինել ցանկացած հագուստով: Ղեկավարությունից միաժամանակ պարզաբանել են, որ զուգընկերները քրիստոնեական ծեսով չեն կարող պսակադրվել:
Բացի այդ, «Դիսնեյլենդ»-ում կնքված ամուսնությունն իրական չի համարվի Ճապոնիայում, քանի որ այդ երկրում միասեռ ամուսնություններն անօրինական են: Սակայն օտարերկրացիների համար բացառություն է արվում. 2009 թվից Ճապոնիայում կարող են գրանցվել այն օտարերկրացիների միասեռ ամուսնությունները, որոնց երկրները դա օրինական են համարում: