
«Голос Армении»-ն հիշեցնում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ ցանկանում է հանդես գալ գալիք նախագահական ընտրություններին որպես ընդդիմության միասնական թեկնածու, քանի որ միշտ ընդդիմություն սպասարկողի դերում է եղել և 2008-ի նախագահական ընտրություններին սպասարկել է Լևոն Տեր-Պետրոսյանին, ուստի հիմա բոլոր իրավունքներն ունի ստանալու ընդդիմադիր դաշտի օժանդակությունը: «Голос Армении»-ն գրում է, որ քաղաքական սեթևեթանքներ սիրող պարոն Րաֆֆիի հեղինակությունն, իրականում, կբավականացնի միայն «Ազատ դեմոկրատների» աջակցությունը ստանալուն:
Շարունակելով քաղաքական սեթևեթանքների թեման` թերթը գրում է, որ քաղաքական դեմագոգիայից հեռու չի նաև «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը ընտրակաշառքների մասին հայտարարություններից հետո կոալիցիա կազմեց իշխող կուսակցության հետ` ստանալով մի քանի նախարարական պորտֆել: «Հարց է առաջանում. ու՞մ էր մեղադրում ՕԵԿ-ն ընտրակաշառքների բաժանման և ընտրությունների կեղծման մեջ»,-գրում է թերթը` հավելելով, որ առնվազն անընդունելի է, երբ Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղարը առանց համապատասխան ապացույցների ներկայացման խոսում է ընտրակաշառքների, այսինքն` հանցագործության մասին: