Պայթյուն` Կոտայքի մարզում գտնվող նավթի վերամշակման չգործող արտադրամասում. կա մեկ զոհ (ֆոտո, տեսանյութ)
Posted on 2012-06-21 21:00
Այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.30-ի սահմաններում Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի երկաթգծի կայարանի հարևանությամբ գտնվող նախկին` նավթի վերամշակման չգործող արտադրամասում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացածը նույն հիմնարկության պահակ 55-ամյա Ներսես Ղազարյանն էր: Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարար վարչության Նաիրիի հրշեջ փրկարարաները: Արդեն դեպքի վայր է ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննչական խումբը:
Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, այս պահին փորձագետները չեն կարող ասել, քանի որ աշխատանքներ են կատարում պարզելու համար պայթյունի պատճառները:
Տեղում է նաև ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Քաղպաշտպանության վարչության աշխատակիցները՝ վարչության պետ ՓԾ գնդապետ Մանվել Ներսիսյանի գլխավորությամբ: