
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի Մարսել քաղաք: Երեկ նա հանդիպել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ:
Քաղաքապետերը խոսել են նոր համագործակցության հեռանկարների մասին: Երևանի քաղաքապետն առաջարկել է Մարսելի քաղաքապետարանի աջակցությամբ ֆրանսիացի գործարարներին ներկայացնել Երևանի ներդրումային դաշտը եւ առաջարկել նրանց փոխշահավետ ներդրումային ծրագրեր իրականացնել Երևանում:
Նույն օրը Երևանի քաղաքապետը հանդիպել է ֆրանս-հայկական առեւտրաարդյունաբերական պալատի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի որդու` Պատրիկ Մալաքյանի հետ զրույցի ընթացքում Տարոն Մարգարյանը նշել է նաեւ, որ ներկայում քննարկվում է Երեւանում մեծ կինոռեժիսորի անունով փողոց անվանակոչելու հարցը:
Պատրիկ Մալաքյանն ասել է, որ դա մեծ պատիվ է իրենց համար, և վստահեցրել է, որ իր հնարավորության սահմաններում կաջակցի Երևանում իրականացվող ծրագրերին: