«Մոսկվիչը» հայտնվել է Ազատ գետում, վիրավորներին գետից դուրս են բերել գյուղացիներին ու ոստիկանները (ֆոտոշարք, տեսանյութ)
Posted on 2012-06-22 21:10
Այսօր՝ հունիսի 22-ին, ճանապարհատրանսպորտային արտակարգ պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Ազատ Վարդապետյանը, վարելով «Մոսկվիչ-412» համարանիշի ավտոմեքենան, Արարատի մարզի Լանջազատ գյուղում Ազատ գետի վրայով անցնող կամրջից ընկել է և հայտնվել գետի մեջ։
Վթարի պահին նշված հատվածում, որը համարվում է հանգստի գոտի, իրենց ծառայությունն են կատարելիս եղել Ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցները, ովքեր Լանջազատի գյուղացիների և գյուղապետ Հրայր Հակոբջանյանի օգնությամբ կարողացել են ջրից դուրս բերել վարորդին և վիրավորներ 1959թ. ծնված Վիկտորյա Դանաչյանին և 1977թ. ծնված Քրիստինե Քաջոյանին։
Վերջիններս տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկնանապետի օպեր գծով տեղակալ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։
Տեղում է նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ Սերգեյ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախատրաստվում։
Դեպքի վայրում աշխատում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2–րդ դասակի տեսուչները Ռոման Ասատրյանի գլխավորությամբ։
Քննիչի հանձնարարականով վթարի վայր է բերվել վերամբարձ կռունկ և քարշակ ավտոմեքենա, որպեսզի ավտոմեքենան ջրից դուրս բերվի և տեղափոխվի Արտաշատի բաժնի հատուկ պահպանման վայր։
Ժամանել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Արարատի մարզի փրկարար վարչության Արտաշատի հրշեջ փրկարարները։
Գագիկ Շամշյանը հայտնում է , որ նշված կամուրջը անբարեկարգ վիճակում է և կամրջի կողքերում բացակայում են երկաթյա արգելապատնեշները, ինչին գյուղապետ պատասխանել է, որ կամուրջը նոր է կառուցվել, իսկ արգելապատնեշները դեռ նոր պետք է տեղադրվեն։