Հրազդանի կիրճով բարձրանալիս «Օպել»–ում հրդեհ է բռնկվել, վարորդը հասցրել է ժամանակին դուրս գալ (ֆոտոշարք, տեսանյութ)
Posted on 2012-06-23 11:30
Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10-ի սահմաններում Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում հրդեհ է բռնկվել։
Երևանի Աջափնյակ 16 թաղամասի բնակիչ 24-ամյա Հրանտ Հովիկյանը Հրազդանի կիրճով դեպի Հալաբյան և Արզումանյան փողոցի խաչմերուկ բարձրանալիս նկատում է, որ իր վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 80 NN 088 համարանիշի մեքենայում հրդեհ է բռնկվում։ Վարորդը միանգամից կողմնորոշվելով հասցնում է դուրս գալ ավտոմեքենայից։
Կարճ ժամանակահատվածում դեպքի վայր են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության Հրշեջ փրկարար ծառայության հրշեջ փրկարարները՝ մեկ մարտական հաշվարկով։
Նրանց հաջողվում է արագ մարել կրակը, այնուամենայնիվ, մեքենայի հետնամասը բավականաչափ այրվել էր։
Հրդեհի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի՝ ծառայության գծով տեղակալ Կարեն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Հրդեհի առթիվ նույն բաժնի համայնքային ոստիկան Էդգար Այվազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։