
ՀՀ Ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով ոստիկանին ոչ հարիր պահվածքի համար ոստիկանական համակարգից հեռացվել են Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներ, ոստիկանության մայոր Արա Կիրակոսյանը, ոստիկանության մայոր Դերենիկ Բալեյանը և ոստիկանության սերժանտ Արմեն Ալեքսանյանը:
Ինչպես News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 27-ին, այս երեք ոստիկանները Նորք Մարաշի Սուրբ Աստվածամայր եկեղեցու բակում ծեծի են ենթարկել նշված եկեղեցում որպես պահակ աշխատող 63-ամյա Հարություն Ավետիսյանին:
Ֆոտոլրագրողը հայտնում է , որ երեք ոստիկանները բժշկական փորձաքննության են ենթարկվել և պարզվել է, որ եղել են ոչ սթափ վիճակում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանների կողմից ծեծի ենթարկված Հ. Ավետիսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Հարուցված քրեական գործի շրջանակներում քիչ առաջ Արա Կիրակոսյանն ու Արմեն Ալեքսանյանը ձերբակալվեցին, իսկ Դերենիկ Բալեյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, քանի որ ըստ Շամշյանի տեղեկությունների, վերջինս փորձել է հանդարտեցնել ոչ սթափ ոստիկաններին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի