
Այսօր՝ հունիսի 28-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ինչպես News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 6.30-ի սահմաններում Ոստիկանության Տավուշի մարզի աշխատակիցները Բերդ քաղաքից դեպի Երևան ավտոճանապարհի սկզբնամասում գտնվող «Աքիլլես» ավտովերանորոգման կենտրոնի դիմացի այգում ծառից կախված վիճակում հայտնաբերել են 20-ամյա Արփինե Մելիքյանի դին:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով նշված այգին պատկանում է ինքնասպան եղած Ա. Մելիքյանի ամուսնուն՝ Գագիկ Մելքումյանին: Վերջինս զբաղվում է ավտովերանորոգման աշխատանքներով:
Բերդի բնակիչները Գ. Շամշյանին պատմել են, որ նա իր ամուսնու երկրորդ կինն էր, և նրանց ընտանիքը գտնվում էր սոցիալապես անապահով վիճակում: Ա. Մելիքյանը հաճախ դժգոհել է այդ վիճակից, և իր դժգոհությունները հայտնել է նաև Աստծո հանդեպ ու հոգևոր բնույթի գրառումներ արել:
Ինքնասպան եղածը իր ծնողների 5 դուստրերից մեկն էր, ընդ որում երկվորյակ էր և ուներ 2 ամսական աղջիկ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Տավուշի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Դատաբժշկական նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քիչ հավանական է համարվում նաև, որ նա որևէ աղանդի զոհ լինի:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի