
Այսօր՝ հունիսի 29-ին սպանություն է տեղի ունեցել Նոր Խարբերդում։ Ժամը 18.30–ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում մահացած կնոջ դի կա։
Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Նոր Խարբերդի 20–րդ փողոցի 18–րդ տուն են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանը հայտնում է, որ օպերատիվ–քննչական խումբը նշված տան հյուրասենյակում հայտնաբերել է 50-ամյա Մարիաննա Հովհաննիսյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ, մարմնի վրա կա սուր կտրած–ծակած հարվածի 20–ից ավելի հետք` որովայնի, կրծքավանդակի, ձեռքերի և դեմքի հատվածներում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր տեղեկություններով, տանը հայտնաբերվել է նաև արյան հետքերով խոհանոցային դանակ, ինչը իրավապահ մարմիններին հիմք է տալիս կարծելու, որ սպանությունը կատարվել է այդ դանակով։
Նոր Խարբերդում խոսում են, որ Մ. Հովհաննիսյանին սպանել է եղբայրը, ում այս պահին Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները փորձում են հայտնաբերել։
Նրան հայտնաբերելու համար ստեղծվել են օպերատիվ–քննչական խմբեր, որոնցից մեկը ղեկավարում է նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանը։
Դեպքի վայր է կանչվել նաև փորձագետն ու դիահերձարանի աշխատակիցը։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ քննչական բաժնի պետ Մինաս Հակոբյանի գլխավորությամբ։
Քննչական խումբը նշված տան նկուղային հարկում հայտնաբերել է լուցկու հատիկներից սարքված 34 կիսակառույց բուրգեր, բանտի մահճակալի նմանությամբ սարքած մահճակալ, ինչպես նաև զառեր, թղթախաղի թղթեր և կենդանու ատամներ։ Այդտեղ հայտնաբերվել է նաև չհրկիզվող մի պահարան, որը միացված է եղել էլեկտրականությանը։
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված հատվածում տիրում է հակահիգիենիկ վիճակ։ Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ սպանվածի եղբայրը տառապում է հոգեկան հիվանդությամբ և որոշ ժամանակ առաջ բուժում է ստացել հոգեբուժական կենտրոններից մեկում։
Սակայն սպանությունը կատարել է եղբա՞յրը, թե՞ ոչ` կպարզվի փորձագիտական եզրակացության արդյունքում։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի