Այսօր գիշեր վնասազերծված աղմկահարույց հանցագործություններ կատարած եղբայրների տանը հայտնաբերվել է հրազեն (լուսանկարներ, տեսանյութ)
Posted on 2012-07-13 19:29
Այսօր առավոտյան Ոստիկանության Լոռու մարզի վարչության և Ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խմբերը՝ Լոռու մարզային ոստիկանապետ Անուբախ Համբարյանի և Ստեփանավանի ոստիկանապետ Ավետիք Ավետիսյանի և Լոռու մարզային վարչության պետի օպեր գծով տեղակալ Արամ Ղազարյանի գլխավորությամբ դատարանի որոշմամբ խուզարկություն էին կատարում Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Վարդաբլուր գյուղի տներից մեկում: Ինչպես Վարդաբլուրից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տունը պատկանում է Անանյաններին:
Խուզարկությամբ նշված տանը կից հացատանը թաքստոցում հայտնաբերեցին «Մակարով» տեսակի ատրճանակ և երկու փամփուշտ: Հայտնաբերվածը հետաքննիչի կողմից առգրավվել է: Այն ուղարկվելու է Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Ինչպես այսօր գիշեր դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնել էր Գ. Շամշյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանի, 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ, նույն գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցների և Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների հետ՝ Ոստիկանության Վանաձորի մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի գլխավորությամբ, հայտնաբերել և վնասազերծել էին 2011թ. Արագածոտնի մարզում աղմկահարույց հանցագործություն կատարած երկու անձի:
Նշված անձինք եղբայրներ են՝ Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Վարդաբլուր գյուղի բնակիչներ՝ 32-ամյա Դավիթ Անանյանը և 21-ամյա Գևորգ Անանյանը:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում 2011թ. ապրիլի 30-ին:
Նրանք մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ կետերով (սպանություն՝ զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով), 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռքբերելը, իրացնելը, պահելը) հատկանիշներով:
Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ նշված անձինք 2011թ. ապրիլի 26-ի գիշերը, լույս 27-ին զինված մտել էին Երևան-Էջմիածին ավտոճանապարհին գտնվող «Մուսալեռ» տպարանի հարևանությամբ գործող և Վահե Միրզոյանին պատկանող բենզալցակայան, այնտեղից գողացել 500 լ դիզվառելիք և բենզին և փորձել աննկատ հեռանալ: Սակայն, բենզալցակայանի սեփականատերը նկատել էր տեղի ունեցածը և իր անձնական օգտագործման «Միթսուբիշի Պաջերո Իօ» մակնիշի ավտոմեքենայով իր եղբոր հետ սկսել էր հետապնդել գողություն կատարողներին, ովքեր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով էին եղել: Հետապնդման ժամանակ գողություն կատարող անձինք Պռոշյան գյուղի մոտ կրակոցներ էին արձակել իրենց հետապնդողների ուղղությամբ:
Կրակոցների արդյունքում մահացել էր «Միթսուբիշիի» վարորդ Գագիկ Միրզոյանը, իսկ Վահե Միրզոյանը վնասվածքներ էր ստացել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով, Գագիկ Միրզոյանը Ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից է եղել:
Վարդաբլուրցի երեք եղբայրներից Ռուստամը ձերբակալվել էր այդ ժամանակ և այս պահին գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իսկ այս երկու եղբայրները դիմել էին փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով ՔՀԳՎ աշխատակիցներն ու արագ հակազդման բաժնի աշխատակիցները 2 օր դարանակալումներ էին կատարել Լոռու մարզում և երեկ կեսօրին, երբ օպերատիվ տվյալներով համոզվել էին, որ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձինք գտնվում են Վարդաբլուր գյուղում, ձեռնարկել էին օպերացիան , ինչը հաջողությամբ է ավարտվել: Օպերացիան նույնիսկ անուն է ունեցել՝ «Սարոյան եղբայրներ»:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ փախուստի դիմած երկու եղբայրների նկատմամբ դատարանի՝ ավելի վաղ կայացված որոշմամբ, խափանման միջոց էր ընտրվել կալանքը: