
Տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման աշխատանքները առավել բարձր մակարդակով կազմակերպելու, քաղաքացիների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով ՀՀ ոստիկանության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համատեղ նախաձեռնությամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեռնարկումների մասնագիտացված մաքսային կետի վարչական տարածքում այսօր` հուլիսի 31-ին, բացվել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի սպասարկման կետ:
Ինչպես News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սպասարկման կետի բացմանը ժամանել էին ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Նորաբաց սպասարկման կետը քաղաքացիներին հնարավորություն կտա անմիջապես տրանսպորտային միջոցների մաքսազերծումից հետո կատարել «Ներմուծում ազատ շրջանառության համար» և «Ժամանակավոր ներմուծում» (2 ամսից ավելի ժամկետով) մաքսային ռեժիմներով հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում` հաշվառման վկայագրի տեղում հատկացմամբ: Դա տրանսպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն կտա առանց ժամանակ կորցնելու, տրանսպորտային միջոցների մաքսազերծման հետ միասին, առանց մաքսային կետի վարչական տարածքից դուրս գալու կատարել նաև տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման բոլոր գործառույթները`ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացմամբ:
Հիշյալ աշխատանքների իրանակացումը թույլ է տալիս թեթևացնել ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական մյուս տարածքային ստորաբաժանումների աշխատանքային ծանրաբեռնվածությունը և բացառել ներմուծված տրանսպորտային միջոցների առանց համարանիշների շահագործումը հանրապետության ճանապարհներին:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի