Երիկամի առաջարկ-պահանջարկը՝ Հայաստանում (ռեպորտաժ)
Posted on 2012-07-31 18:24
Ասում են՝ բոլոր մարդիկ ծնվում են ազատ, հավասար իրավունքներով, իսկ թե ի՞նչ արժի մարդու կյանքը, կորոշի շուկան:
Բայց շուկան արդեն սահմանել է նույնիսկ մարդու առանձին օրգանների գնացուցակը. օրինակ Հայաստանում տասը - տասնհինգ հազար դոլարով առաջարկվում են լավ պահպանված, առաջին թարմության երիկամներ:
Արդեն մի քանի ամսիս անվճար հայտարարությունների հայկական ինտերնետ- կայքերում գովազդվում են թանկ ու էժան երիկամներ: Լոբու ձև ունեցող այդ կենսական օրգանները վաճառքի հանողները այդպիսով ապրուստի միջոց են փորձում գտնել` հաշվի չառնելով անգամ, որ դա պատժվում է օրենքով:
Ընդհանրապես աշխարհում, մարդու օրգանների սև շուկայում ամեն ժամը մեկ, առնվազն մեկ երիկամ է վաճառվում: Հիմնականում աղքատ երկրների ծայրահեղ աղքատ բնակիչներն են աներիկամ ապրելը նախընտրում չապրելուց:
Հարուստ հիվանդները մեկնում են օրինակ Հնդկաստան կամ Պակիստան, ձեռք բերում առողջ երիկամներ ու փոխպատվաստման վիրահատության ենթարկվում: Աշխարհի շատ երկրներում հանցանք համարվող այս երեւյթը անվանում են «փոխպատվաստման տուրիզմ»: