
Այսօր՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:40-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Սևանա լճի տարածքում գործող «Մոթել» հանգստյան տան մոտակայքում` լողափից մոտ 200 մ հեռավորության վրա, նկատել են շրջվող հեծանվանավակ, որի հետևանքով ջուրն են ընկել երեք քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վաչության Հատուկ ջրափրկարարական ջոկատի 3-րդ հերթապահ խումբը` փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Ջրափրկարարների իրականացրած փրկարարական աշխատանքների արդյունքում ջրից դուրս են բերվել Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչներ 41-ամյա Սամվել Դավթյանը , 42-ամյա Եղիշ Անտոնյանը և 35-ամյա Գևորգ Ռաֆայելյանը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ տուժածները բուժօգնության կարիք չեն զգացել: