
Երեկ` հուլիսի 31-ին, Ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցները կարողացել են կանխել անչափահաս երեխայի ինքնասպանությունը:
Ինչպես News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում Ոստիկանության Կապանի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ մի աղջիկ Կապան քաղաքի` հետիոտնի համար կառուցված վերգետնյա կամրջից ուզում է իրեն ցած նետել:
Կարճ ժամանակում Ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցները հասնում են նշված վայր և մոտ 40 րոպեի չափ երեխայի հետ բանակցություններ են վարում, որպեսզի երեխան այդ քայլին չդիմի:
Բանակցություններին հրավիրում են նաև Կապանում գործող մանկական կենտրոնի մասնագետների:
Ոստիկանների և մանկական կենտրոնի աշխատողներին հաջողվում է համոզել 14-ամյա NN-ին (ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տվյալները չի հաղորդում` հաշվի առնելով անչափահաս լինելու հանգամանքը) և իջեցնել կամրջից:
Երեխան հանձնվել է ծնողներին և գտնվում է ծնողների և Մանկական կենտրոնի աշխատակիցների ուշադրության տակ: