
Այսօր` օգոստոսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական, դիմել է փախուստի:
Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Դատաբժշկի նախնական եզրակացությամբ` վրաերթի հետևանքով մահացած տղամարդը` կլինի մոտ 30-35 տարեկան:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը, քննչական բաժնի պետի տեղակալ Կարեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական գործողություններ, ճշտելու ինչպես մահացածի ինքնությունը, այնպես էլ փախուստի դիմած վարորդի տվյալներն ու ավտոմեքենայի մակնիշը:
ՃՏՀ քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի